Փաշինյանը և Ալիևը Կոպենհագենում մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ

02.10.2025, 12:46
Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ
Փաշինյանը և Ալիևը Կոպենհագենում մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։

Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Facebook-ի իր էջում։

Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։

Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։

Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։