ՀՀ ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին նախագիծը

02.10.2025, 15:31
Ընդդիմությունն այս քննարկմանն ու քվեարկությանը չէր մասնակցում
ՀՀ ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ-ն հինգշաբթի կայացած արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։

Ընդդիմությունն այս քննարկմանն ու քվեարկությանը չէր մասնակցում:

Նախագիծն ընդունվեց 64 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայնով։

Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է, որ ՀՀ ազգային ժողովն աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագրին։

 ՀՀ ԱԺ-ն նաև ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրումը և ստորագրմանն ուղղված ջանքերը:

ՀՀ ԱԺ-ն կարևորում է ձեռք բերված համաձայնությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով:

Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը ՀՀ-ի համար միջազգային և ներպետական հաղորդակցության, փոխադարձ առավելություններով:

Առանցքային է համարվում, որ ՀՀ-ն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով:

Քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, ՄԱԿ կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած գործընթացը:

Վերահաստատում է, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա:

Երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար:

Ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է ՀՀ կենսական շահերից, և որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ: