Օգոստոսի 12-24-ը ՌԴ Սմոլենսկի մարզում կկազմակերպվի Ռուսաստանի և Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների առաջին ուսումնագործնական վարժանքը։
Ինչպես տեղեկացնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, այն անցկացվում է «Հիշատակի հերթափոխ» համառուսաստանյան միջոցառումների շրջանակում, որը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը։
Հայրենական Մեծ պատերազմից անցել է ավելի քան յոթ տասնամյակ, սակայն մինչ օրս էլ Ռուսաստանի Դաշնության մարտադաշտերում առկա են չուսումնասիրված ու հանրությանն անհայտ եղբայրական գերեզմանատեղիներ։ Երկու երկրների դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների որոնողական աշխատանքների նպատակն է գտնել մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհայտ կորած զինվորների մասունքներն ու դրանք զինվորական պատվով հողին հանձնելը։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հանձնարարականով արդեն իսկ ուսումնասիրվել են Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի արխիվը, Հայրենական Մեծ պատերազմի ու Պատմության թանգարանում եղած փաստաթղթերը, ըստ որի էլ ավելի հստակեցվել են հայկական զորամիավորումների մարտավայրերը։
Համատեղ որոնողական աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ամիսներ առաջ՝ մայիսի 3-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի միջև, ով Հայաստան էր ժամանել ԴԱՀԿ ծառայության հոբելյանի կապակցությամբ:
1941թ. հունիսից մինչև 1945թ. մայիս խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 500 հազ. հայ։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 175 հազ. հայորդի։ Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը տվել է Խորհրդային միության 106 հերոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշոր զորավարներից են Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկայն զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսահակովը։ Պատերազմի տարիներին կազմավորվել է 6 հայկական դիվիզիա: -0-