ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել իր ռուս գործընկերոջը «Դոմոդեդովոյի» ահաբեկչության կապակցությամբ

25.01.2011, 18:35
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել իր ռուս գործընկերոջը «Դոմոդեդովոյի» ահաբեկչության կապակցությամբ

ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին ցավակցական ուղերձ է  հղել՝ «Դոմոդեդովո» մոսկովյան օդանավակայանի ահաբեկչության կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու առիթով։ Մենք ցնցված և վրդովված ենք այդ արյունալի հանցագործությունից»,- նշվում է հայ վարչապետի հեռագրում։

«Այս դժվար պահին ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի հիշատակը։ Խնդրում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- ասվում է ցավակցական ուղերձում։

Դոմոդեդովոյի միջազգային տերմինալի պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ մոտավորապես ժամը 17.40-ին։ Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) տվյալների՝ 35 մարդ է զոհվել։ ՌԴ ԱԻՆ հայտնել է 168 տուժածների մասին։ -0-