ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է դառնա սեյսմիկ վտանգների կանխման և դրանց արձագանքման տարածաշրջանային կենտրոն, նախօրեին ուշ երեկոյան Հայկական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը հուլիսի 17-ին հավանության է արժանացրել հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը:
«Մենք պետք է դառնանք սեյսմիկ վտանգի կանխման և օպերատիվ արձագանքման կենտրոն ոչ միայն հանրապետության տարածքում, այլև տարածաշրջանում», - նշել է Բաղդասարյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում արդեն սեյսմիկ պաշտպանության հարցերով միջգերատեսչական հատուկ հանձնաժողով է ստեղծվել: Միաժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ 1998-2010 թթ.-ին Հայաստանում 484 երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հայտարարել է Բաղդասարյանը, չի կարելի մոռանալ 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժը, երբ 500 հազար մարդ անօթևան մնաց, իսկ տարերային աղետից ստացված վնասը կազմեց 12 միլիարդ դոլար:
Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ այս փուլում կարևորագույն խնդիրը երկրաշարժի հետևանքով բոլոր տուժածներին բնակարաններով ապահովելն է:
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։-0-