Հայաստանն ու Իտալիան համատեղ պայքարելու են անդրազգային հանցավորության դեմ

27.04.2010, 19:29
Հայաստանն ու Իտալիան համատեղ պայքարելու են անդրազգային հանցավորության դեմ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Իտալիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել Իտալիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ռոբերտո Մառոնիի և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի միջև:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, փաստաթուղթը ստորագրվել է ապրիլի 21-25-ը հայկական պատվիրակության՝ Իտալիա կատարած այցելության շրջանակներում:

Համաձայնագիրն ուղղված է անդրազգային կազմակերպված հանցավորության, թմրադեղերի, հոգեմետ միջոցների անօրինական արտադրության, մաքսանենգության, թրաֆիքինգի և միգրանտների անօրինական տեղափոխման, ինչպես նաև զենք-զինամթերքի, պայթուցիկ իրերի, միջուկային, ռադիոակտիվ և թունավոր նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների կանխարգելման դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանմանը:

Սարգսյանն և Մառոնին զրույցի ընթացքում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և հետագա համագործակցության հեռանկարները: ՀՀ ոստիկանության պետը հրավիրել է իտալացի նախարարին այցելել Հայաստան:

Հռոմի Լևոնյան վարժարանում հայկական պատվիրակությանն ընդունել է կաթողիկ հայերի Պատրիարք Ներսես Պետրոս XIX Թարմունին, ում Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անձնագիր է հանձնել:-0-