Հայ սպան ներկայացվել է «Արիության համար» մեդալի՝ հրդեհից երկու անչափահաս երեխա փրկելու համար

18.09.2009, 16:42
Հայ սպան ներկայացվել է «Արիության համար» մեդալի՝ հրդեհից երկու անչափահաս երեխա փրկելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ զինված ուժերի սպա, կապիտան Տիգրան Ավետիսյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի՝ հրդեհից երկու անչափահաս երեխա փրկելու համար, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։  

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ՀՀ զինված ուժերի սպա Տիգրան Ավետիսյանը ծառայում է Սյունիքի մարզում տեղակայված հրետանային դիվիզիոններից մեկում՝ որպես մարտկոցի հրամանատար, ծառայողական օրվա ավարտից հետո իր տան մերձակայքում աղմուկ է լսել։

Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գորիսի բնակիչ Վահրամ Գրիգորյանի տնակում, որում մնացել էին անչափահաս երեք երեխաներ:

Չկարողանալով դռնից ներս մտնել՝ առանց հապաղելու կոտրում է տնակի հետևի պատուհանը, ներս մտնում և ծխի մեջ երեխաների ձայներով առաջնորդվելով` դուրս բերում նրանցից, ցավոք, միայն երկուսին` Մարիամին և Դիանային:

Ի ծնե հաշմանդամ` խուլ ու համր մեկ երեխայի փրկել չհաջողվեց։ Տունն ամբողջությամբ այրվել է։

«Կապիտան Տիգրան Ավետիսյանի հերոսական արարքը երբեք չի մոռանա այս դժբախտ ընտանիքը: Իսկ Տիգրանի օրինակով պետք է առաջնորդվի հայոց բանակի յուրաքանչյուր սպա»,- ասվում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:  -0-