ՀՀ կառավարությունը պայքարելու է երկրում կառուցվող մասնավոր տների ճարտարապետական ոճերի զանազանության դեմ:
«Հայաստանում մենք հանդիպում ենք էկլեկտիկ մասնավոր տների. յուրաքանչյուր գյուղում իրենց հնարավորությունների ու պատկերացումների սահմաններում սեփական հողատարածքներում ՀՀ քաղաքացիները մասնավոր տներ են կառուցում առանց համապատասխան նախագծերի ու նախահաշիվների: Սա բացատրվում է նրանով, որ հաճախ մարդիկ խնայում են միջոցները, իսկ երբեմն էլ չունեն դրանք, նախագծեր պատվիրելու համար»,- հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Սակայն, վարչապետի խոսքերով, արդյունքում մարդիկ կանգնում են տարբեր խնդիրների, բյուրոկրատական քաշքշուքների, շինություններն օրինականցնելու գործընթացի, ինչպես նաև տարրական ռիսկերի առաջ:
Այս իրավիճակում, Սարգսյանի կարծիքով, հատկապես արդիական է շինարարական նախագծեր ու նախահաշիվներ կազմելու գործում քաղաքացիներին, հատկապես եկամուտների ցածր մակարդակ ունեցող քաղաքացիներին աջակցելու հարցը:
«Հայաստանում կստեղծվի հատուկ պետականորեն հաստատված կատալոգ, որում կընդգրկվեն մասնավոր տների տիպային նախագծեր: Եթե մեր համաքաղաքացիները ընտրեն այդ տիպային նախագծերը մասնավոր տների շինարարության համար, դա կնշանակի, որ մենք բոլոր փորձաքննություններն անցած կհամարենք և բյուրոկրատական քաշքշուքները նվազագույնի կհասցվեն»,- հայտարարեց նա:
ՀՀ կառավարության ղեկավարը ընդգծեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տիպային նախագծերի կազման մրցույթ կհայտարարվի, որոնցից կընտրվեն ու կհաստատվեն 10 լավագույնները, որոնք ՀՀ քաղաքացիները կկարողանան հանգիստ ընտրել շինարարության համար, ինչի արդյունքում նրանց ծախսերը զգալիորեն կկրճատվեն: -0-