Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն հուլիսի 1-2-ն Աստանայում անցկացվող Համաշխարհային և Ավանդական կրոնների առաջնորդների համագումարին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վերոհիշյալ համագումարին մասնակցելու են Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Թաթուլ սարկավագ Համբարձումյանը», - ասվում է տեղեկատվության մեջ:
Համագումարի ընթացքում քննարկման նյութ են լինելու «Կրոնական առաջնորդների դերը հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա հիմնված խաղաղության հաստատման գործընթացում», «Համամարդկային և հոգևոր արժեքներ, համաշխարհային էթիկա», «Երկխոսություն և համագործակցություն» և «Համաձայնություն ճգնաժամային ժամանակաշրջանում» թեմաները:
Համագումարի ընթացքում ընթերցվելու է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության գիրը:-0-