ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը դրական է գնահատել գարնանային զորակոչի կազմակերպման գործընթացը

25.05.2009, 18:44
ՀՀ  ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը դրական է գնահատել գարնանային զորակոչի կազմակերպման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դրական է գնահատել գարնանային զորակոչի կազմակերպման գործընթացը։

Խաչատուրովը երկուշաբթի այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական հավաքակետը։ Այցի շրջանակներում նա շրջայց է կատարել հավաքակետում ու զրուցել զորակոչիկների ծնողների հետ։

Զրույցի ընթացքում Խաչատուրովը հավաստիացրել է, որ զորակոչի գործընթացն իրականացվում է առավելագույն պատասխանատվությամբ, զորակոչիկներն անցնում են լիակատար բժշկական զննում և Զինված ուժեր չի զորակոչվում ոչ մի անառողջ պատանի։

«Մենք արդեն զորակոչել ենք մեր առաջ դրված ծրագրի գրեթե 30 տոկոսին»,- լրագրողներին ասաց Խաչատուրովը։ Նա բավարար գնահատեց զինկոմիսարիատների, հավաքակետերի և զորակոչով զբաղվող մյուս բոլորի աշխատանքը։  

Մայիսի 11-ից Հայաստանում սկսվել է 2009թ.-ի գարնանային զորակոչը:-0-