Աֆղան-վետերանները պատվով են կրում Հայրենիքի զինվորի կոչումը. ՀՀ նախագահ

16.02.2009, 13:41
Աֆղան-վետերանները պատվով են կրում  Հայրենիքի զինվորի կոչումը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Աֆղանստանի պատերազմի վետերաններին՝ Աֆղանստանից Խորհրդային Միության զորքի դուրսբերման 20-ամյակի կապակցությամբ։

«1989 թ.-ի փետրվարի 15-ին Խորհրդային Միությունն իր զորքերը դուրս բերեց Աֆղանստանից։ Անցած 20 տարվա բարձրությունից վերաիմաստավորելով այդ իրադարձության պատմական նշանակությունը՝ կարող ենք ասել, որ աֆղանական պատերազմի տարիները ոչ միայն բազմաթիվ փորձությունների, անփոխարինելի կորուստների, մարդկային տառապանքների տարիներ էին, այլև երդմանը հավատարիմ մնալու, ռազմական հերոսությունների և անձնազոհության տարիներ էին», - ասվում է ՀՀ նախագահի ուղերձում, որն ընթերցվել է կիրակի Աֆղանստանից Խորհրդային միության զորքի դուրսբերման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

ՀՀ նախագահը նշել է, որ իրենց պարտքը Աֆղանստանում կատարել է հայ ժողովրդի շուրջ 4000 զավակ, որոնցից 1200-ը խիզախություն դրսևորելու համար պարգևատրվել է Խորհրդային Միության շքանշաններով և մեդալներով։ ՀՀ նախագահի խոսքերով, 95 հայրենակիցներ տուն չեն վերադարձել։

Ուղերձում նշվում է, որ պատերազմի հետևանքները ոչնչացնելու նպատակով Աֆղանստան են մեկնել շինարարներ, բժիշկներ և այլ քաղաքացիական մասնագիտությունների ներկայացուցիչներ։

ՀՀ նախագահը ընդգծգել է, որ ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից աֆղանական պատերազմի միջով անցած հայ ժողովրդի հազարավոր խիզախ զավակներ հայրենիքի կանչով և հոգու պահանջով կրկին ձեռքն առան զենքը՝ այս անգամ հանուն հայրենի ժողովրդի և հողի պաշտպանության, նրանցից 187-ը զոհվեց պարտադրված պատերազմի ժամանակ։

«Աֆղանական պատերազմի վետերաններն իրենց ողջ կյանքի ընթացքում պատվով կրում են Հայրենիքի զինվորի բարձր կոչումը։ Շատերը Հայաստանի Զինված ուժերի գեներալներ և սպաներ են, ովքեր այսօր էլ իրենց հարուստ փորձով աջակցում են մեր հայրենիքի մարտունակության բարձրացմանը», - ասվում է ուղերձում։

«Հարգելի վետերաններ, մենք գնահատում ենք ձեր ներդրումը, ցանկանում ենք առողջություն և հաջողություններ ծառայությունում և անձնական կյանքում», - ընդգծել է ՀՀ նախագահը։-0-