ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-բրիտանական փոխհարաբերությունների զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին բրիտանացի իր գործընկեր Դևիդ Միլիբենդի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Մեծ Բրիտանիայի հետ Հայաստանի փոխհարաբերությունների զարգացումը։
«Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայի առաջատար երկրներից մեկի` Մեծ Բրիտանիայի հետ համակողմանի և բազմաբովանդակ փոխշահավետ համագործակցության զարգացումը», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Նալբանդյանի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նրա խոսքերով, հայ-բրիտանական քաղաքական երկխոսությունը և առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, և երկու երկրների համագործակցության առաջնային խնդիրներից է վերոհիշյալ ոլորտներում հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացումը:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ համատեքստում Նալբանդյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Նա հույս է հայտնել, որ համապատասխան քաղաքական կամքի դրսևորման պարագայում կողմերը կարող են հասնել հիմնահարցի հանգուցալուծմանը:
Դևիդ Միլիբենդի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները` ընդգծելով, որ գործընթացի նպատակն է դրանց լիակատար կարագավորումը։ «Հայաստանը հաստատակամ է շարունակել քայլերն այդ ուղությամբ», - ասել է նա։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի քայլերն՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: -0-