Փոստի միջազգային օրվա շրջանակներում Հայաստանում տեղի կունենա ֆիլատելիստական ցուցահանդես

08.10.2008, 15:50
Փոստի միջազգային օրվա շրջանակներում Հայաստանում տեղի կունենա ֆիլատելիստական ցուցահանդես

Փոստի միջազգային օրվա շրջանակներում Հայաստանում հոկտեմբերի 9-11-ը տեղի կունենա ֆիլատելիստական ցուցահանդես, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության մամուլի ծառայությունից։

«Ցուցահանդեսին կներկայացվեն «Հաղթահարված գագաթներ», «Մարդու իրավունքները», «Համաշխարհային կերպարվեստի թանգարաններ (Բուդապեշտ)» և «Աստծո որդի, աշխարհի Փրկիչ և Տեր» խորագրերը կրող հավաքածուները, որոնք տարբեր միջազգային ցուցահանդեսներում արժանացել են բազմաթիվ մեդալների»,- հաղորդեցին ծառայությունից։

Ցուցահանդեսի շրջանակներում կիրականացվի նաև նոր նամականիշի` փոստային շրջանառության մուտքը խորհրդանշող մարման արարողությունը:

Աշխարհում առաջին պետական «Սև պենի» անունով փոստային նամականիշը շրջանառության մեջ է դրվել 1840թ. մայիսի 6-ին Անգլիայում։

Հայաստանի հանրապետության համար որպես առաջին նամականիշ ծառայել է Ցարական Ռուսաստանի «Մեկ կոպեկ» անվանագրով նամականիշը:

Իսկ անկախ Հայաստանի առաջին նամականիշը (պատկերը` Արարատ լեռը` կամարված ծիածանակերպ եռագույնով) թողարկվել է 1992թ. մայիսի 28-ին և նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը:

Այդ օրվանից մինչ օրս Հայաստանում շրջանառության մեջ է դրվել 392 նամականիշ, 46 նամականիշով բացիկ  և 2 նամականիշով գեղարվեստական ծրար: -0-