Երևանում տեղի ունեցավ եվրոպական կառույցների հետ համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

16.09.2008, 19:57
Երևանում տեղի ունեցավ եվրոպական կառույցների հետ համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
Երևանում տեղի ունեցավ եվրոպական կառույցների հետ համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում պետական մարմինների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների ապահովման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ Երևանում, հայտնեցին հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։

Ինչպես ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ, նիստն անցկացվեց հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ։

Նիստի ժամանակ լսվեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի զեկույցները Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության ծրագրով իրականացված միջոցառումների վերաբերյալ:

Հանձնաժողովը որոշեց ի գիտություն ընդունել զեկույցները և հանձնարարեց գերատեսչություններին` ներկայացնել հաշվետվություններ մինչ օրս կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև պատրաստել առաջարկություններ ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու համար:

Իր հերթին Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Եվրամիության և Եվրոպական կառույցների հետ տարվող աշխատանքների 120 կետից կազմված գերակայությունները և ակնկալեց արդյունավետ աշխատանք՝ նախանշված ծրագրերը իրականացնելու համար։

Բաղդասարյանը նշեց, որ «այս ուղղությամբ աշխատանքը գտնվում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողության ներքո, և երկրի ղեկավարությունն ամեն ինչ անելու է՝ նախանշված ծրագրերը ժամկետից շուտ և բարձր մակարդակով իրականացնելու համար»։

Եվրոպական կառույցների հետ համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին կարգադրությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվել է սեպտեմբերի 8-ին։ Հանձնաժողովը ստեղծվել է ԵՄ «նոր հարևանություն» քաղաքականության գործողությունների ծրագրի և Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականցման, ինչպես նաև եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցության շրջանակներում ընթացիկ աշխատանքների ապահովման նպատակով։ --0--