Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը կհարգեն Չեխիայի սենատում
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չեխիայի սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոտկան ուրբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ Սենատում ևս նախատեսված է հիշատակի միջոցառում անցկացնել:
«Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կառավարությանը և ժողովրդին` 20 տարի առաջ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին մեր երկրին ցուցաբերած զգալի աջակցության համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Ինչպես հետևում է հաղորդագրությունից, Սարգսյանը հյուրին տեղեկացրել է այս տարի պետական մակարդակով նշվելիք 20-ամյա տարելիցի միջոցառումների մասին։
Այդ միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կհրավիրվեն օգնության ձեռք մեկնած երկրների ներկայացուցիչները` պետական այրեր, անհատներ, կազմակերպություններ, որոնց հայ ժողովուրդն իր երախտագիտությունը կհայտնի:
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։
Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։
Գիտնականների հաշվարկներով, երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում դուրս է ժայթքել Հիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի պայթյունին համարժեք էներգիա։ Երկրաշարժի ալիքը տարածվել է աշխարհով մեկ և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի սեյսմիկ կայանների կողմից։
Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին։
Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0--