Գյուլի՝ Երևան կատարելիք այցին առնչվող հարցեր են քննարկել Հայաստանի նախագահն ու Թուրքիայի նախագահի հատուկ բանագնացը
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Երևան կատարելիք այցին առնչվող հարցեր են չորեքշաբթի քննարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չևիքյոզին։
Սերժ Սարգսյանն իր թուրք գործընկերոջը պաշտոնապես հրավիրել է Երևան՝ սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու։
«Հարևան երկրի նախագահի հատուկ բանագնացի այցը մեր երկիր դրական համարելով, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն հնարավորություն է ստեղծում խոսել երկկողմ հարաբերություների կարգավորման մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների և խնդիրների վերաբերյալ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀնախագահի մամուլի ծառայությունից։
Հայաստանի նախագահի խոսքով, Կովկասում տեղի ունեցող և ամբողջ աշխարհին անհանգստացնող իրադարձությունները մեծ պատասխանատվություն են պահանջում և լուրջ խնդիրներ ու պարտականություններ առաջադրում:
Զրուցակիցները քննարկել են Կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նշելով, որ Թուրքիայի վարչապետը շատ դժվար, բայց կարևոր խնդիր է նախաձեռնել, նախագահ Սարգսյանն ասել է, որ ինքը ցանկացած խնդրի մասին խոսելու, քննարկելու կողմնակից է:
«Հայաստանը միշտ ողջունել և ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության և համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը»,- ընդգծել է երկրի ղեկավարը և առաջարկվող պլատֆորմի վերաբերյալ ներկայացրել իր նկատառումները:-0-