ՀՀ նախագահը շնորհավորել է հայ օլիմպիականներին՝ 2008 թ.-ի Խաղերին հաղթանակ տանելու կապակցությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ օլիմպիականներին՝ Պեկինում 2008 թ.-ի Ամառային օլիմպիական խաղերին հաջող ելույթ ունենալու կապակցությամբ։
«Այսօր յուրաքանչյուրիս այստեղ է բերել հավաքական նվաճման զգացումը: Ուզում եմ բոլոր քաղաքացիների անունից շնորհակալական խոսք ուղղել այսօրվա մեր հերոսներին», - հայտարարել է Սարգսյանը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում հայ օլիմպիականների պատվին կազմակերպած տոնական միջոցառման ժամանակ։
Դիմելով օլիմպիականներին՝ նախագահն ասել է, որ նրանք պատվով են կատարել իրենց առաքելությունը՝ վաստակելով օլիմպիական վեց մեդալ, որոնք նվաճել են համառ, ծանր ու ազնիվ մրցապայքարում։
«Միլիարդավոր մարդիկ աշխարհի բոլոր մայրցամաքներում ձեզ տեսան ոչ միայն համառ պայքարի մեջ, այլև պատվո հարթակին։ Մարդիկ, որ գուցե Հայաստանի անունը չէին լսել, տեսան նրա դրոշը, որ պարբերաբար բարձրացվում էր ձեր ու մեր երկրի պատվին։ Ձեր շնորհիվ Հայաստանը դարձավ ավելի ճանաչելի», - ասել է Սարգսյանը։
Նախագահը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին, Հայաստանի օլիմպիական կոմիտեին, պետական, հասարակական ու մասնավոր կառույցների բոլոր ներկայացուցիչներին, ովքեր ավանդ ունեն Հայաստանի օլիմպիական հավաքականը նախապատրաստելու և Պեկինում արժանավայել ներկայացնելու գործում։
Ինչպես հայտարարել է ՀՀ նախագահը, օլիմպիականններն իրենց օրինակով անգնահատելի գործ են անում Հայաստանում սպորտի ժողովրդականացման ուղղությամբ, ինչի շնորհիվ հայ երիտասարդները ընտրում են այս կամ այն մարզաձևը։
«Այսօր հայ ժողովուրդը հավաքվել է հրապարակում՝ հաղթանակի և հպարտության տոնը նշելու համար։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ անցած օրերին Հայաստանում հաղթանակի տոն էր», - ասել է Սարգսյանը։
Նրա խոսքերով, հաղթեցին օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցները, հաղթեցին մարզիչներն ու կազմակերպիչները, հաղթեց հայկական սպորտը, հաղթեց միասնական հայ ոգին:
«Միասնականությունը մեզ համար մեզ համար միշտ էլ կարևոր է եղել: Միասնակությունը կարևոր է մեզ համար նաև այսօր, երբ մեր տարածաշրջանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք հղի են վտանգներով», - ասել է նախագահը։
Սարգսյանի խոսքերով, Պեկինի օլիմպիադայից հայ երկրպագուների սպասումներն արդարացան, իսկ հայ մարզիկներն ապացուցեցին, որ կարող են ավելին անել:
ՀՀ նախագահն իր ելույթն ավարտել է ավանդական նշանաբանով ՝ «Առաջ Հայաստան»։
Օգոստոսի 24-ին ավարտված Պեկինի ամառային 29-րդ օլիմպիական խաղերի արդյունքներով՝ Հայաստանի հավաքականը մեդալների քանակով 204 երկրների շրջանում զբաղեցրել է 37-րդ տեղը։
Հայկական թիմը նվաճել է վեց բրոնզե մեդալ, որոնց արժանացել են ծանրաթլետներ Տիգրան Մարտիրոսյանը (մինչև 85 կգ քաշային կարգ), Գևորգ Դավթյանը (մինչև 77 կգ), Տիգրան Մարտիրոսյան կրտսերը (մինչև 69 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը (մինչև 55 կգ) և Յուրի Պատրիկեևը (մինչև 120 կգ), բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը (մինչև 60 կգ)։-0-