Հարավային Օսեթիայի հակամարտությունը Հայաստանին թույլ կտա աշխարհին ներկայացնել իր դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Օսեթիայի հակամարտությունը թույլ կտա Հայաստանին համաշխարհային հանրությանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը, կարծում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Մենք պետք է օգտվենք ընձեռված հնարավորությունից և միջազգային մակարդակի հասցնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և շեշտադրենք ԼՂՀ ճանաչման կարևորությունը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսին ասաց Սարգսյանը։
Նրա խոսքերով, անգործությունն այս հարցում կարող է մեծ սխալ դառնալ։
Ընդ որում Սարգսյանն ասաց, որ Հայաստանն իրավունք չունի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, քանի որ տվյալ հարցը լուծվել է 1991-ի ազգային հանրաքվեի արդյունքներով։ «Այնպես որ, եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախ լինելու մասին, դա ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության խախտում չի նշանակում»,- ընդգծեց նա։
Դեմկուսի առաջնորդի կարծիքով, Հայաստանը պաշտոնական Բաքվի հետ բանակցություններ պետք է վարի սոսկ Ադրբեջանի կողմից հայտարարված պատերազմի հետևանքները վերացնելու հարցի շուրջ։
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-