Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 20-ին

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ընտրանիների հանդիպումը 2009թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ ընտրական խմբի շրջանակներում տեղի կունենա օգոստոսի 20-ին, տեղի ժամանակով 21։00-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ֆուտբոլի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Խաղը վարելու է Դանիայից ժամանած մրցավարների խումբը՝ Միքայել Սվենդսենի գլխավորությամբ։ Հայ ֆուտբոլիստները օգոստոսի 15-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում խաղին պատրաստվելու համար։
Մրցաշարային աղյուսակը ընտրական երկրորդ խմբում գլխավորում են չեխ ֆուտբոլիստները, ովքեր վեց խաղից հետո 14 միավոր են հավաքել։ Երկրորդ տեղում է Թուրքիայի հավաքականը՝ 5 խաղից հետո 13 միավորով, երրորդ տեղում են ուկրաինացիները, ովքեր 7 հանդիպումներից հետո 12 միավոր են հավաքել։ Չորրորդ տեղն են զբաղեցնում հայ ֆուտբոլիստները՝ 7 միավորով վեց խաղից հետո։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնի հավաքականը, որը ութ հանդիպումից հետո ոչ մի միավոր չի հավաքել։
Հայ և թուրք ֆուտբոլիստների պատասխան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Ստամբուլի «Ալի Սամի Են» մարզադաշտում, Երևանի ժամանակով 22։00-ին։ -0-