ՀՀ վարչապետը շնորհավորել է «Բարեկամություն» պարի համույթին՝ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ

25.07.2008, 19:44
ՀՀ վարչապետը շնորհավորել է «Բարեկամություն» պարի համույթին՝ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ
ՀՀ վարչապետը շնորհավորել է «Բարեկամություն» պարի համույթին՝ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ շնորհավորել է «Բարեկամություն» պարի պետական համույթին՝ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ։

«Արդեն երկու տասնամյակ «Բարեկամություն» համույթը` ազգային մշակույթի ինքնատիպ ու հարուստ ավանդույթների պահպանմամբ, Հայաստանում և նրա սահմաններից դուրս ներկայացնում է հայ պարարվեստը` իր երկրպագուներին մշտապես գրավելով բարձրաճաշակ ու անկրկնելի կատարումներով»,- ասվում է վարչապետի շնորհավորական խոսքում, որի տեքստը «Նովոստի-Արմենիա» գործակալություն է ուղարկվել երկրի կառավարության հասարակության հետ կապերի վարչությունից:

Սարգսյանի խոսքերով, համույթն  ամենից առաջ ճանաչելի է իր բազմաժանր պարացանկով, ազգային, դասական և խորեոգրաֆիկ ոճերի համատեղման յուրահատկությամբ, մշակումներով ու ինքնատիպ մեկնաբանություններով: Վարչապետը նշեց, որ «Բարեկամություն» պարախմբի կատարողական արվեստը մշտապես բարձր գնահատականի է արժանացել արվեստասեր հասարակայնության շրջանում:

«Անկասկած, համազգային մեծ սեր և հարգանք վայելող պարախմբի ստեղծագործական վերելքն ուղղակիորեն պայմանավորված է նրա հիմնադիր և ներկայիս գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի շնորհաշատ աշխատանքով»,- ասել է Սարգսյանը։

Կառավարության ղեկավարի կարծիքով, Մեհրաբյանի բեմադրությունները ստեղծեցին նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում։ «Մաեստրոն միանգամայն արդարացիորեն վայելում է հարգանքի ու մեծարումի դափնիները»,- ասել է նա:

Կրկին շնորհավորելով համույթին 20-ամյակի կապակցությամբ՝ վարչապետը նրանց նոր նախաձեռնումներ ու ստեղծագործական նվաճումներ է մաղթել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Բարեկամություն» պարի պետական համույթին Հայաստանի «Վաստակավոր խումբ» պատվավոր կոչում շնորհվեց՝ մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու և բարձր կատարողական վարպետության համար։ --0--