Սարգսյանը պատրաստվում է իր թուրք գործընկերոջը հրավիրել Երևան՝ ներկա գտնվելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը

24.06.2008, 16:27
Սարգսյանը պատրաստվում է իր թուրք գործընկերոջը հրավիրել Երևան՝ ներկա գտնվելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը
Սարգսյանը պատրաստվում է իր թուրք գործընկերոջը հրավիրել Երևան՝ ներկա գտնվելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին հրավիրել Երևան։

«Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երևան՝ միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը»,- ասել է ՀՀ նախագահը նախօրեին՝ Մոսկվայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին՝ Երևանում։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ «հարևան պետությունների միջև 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ»։

«Տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը»,- նշել է նախագահը։

Նա հիշեցրել է, որ թուրքական կողմն առաջարկում է ձևավորել  հանձնաժողով, որը կուսումնասիրի պատմական փաստերը։

«Մենք դեմ չենք նման հանձնաժողովին, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև, այլապես այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու և շահարկելու միջոց»,- կարծում է ՀՀ նախագահը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների պատճառով։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը:

Անկարայի նախաձեռնությամբ, 1993թ.-ից փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։--0--