Հայաստանի կողմից իրականացված քայլերը բավարար չեն ԵԽԽՎ բանաձևի իրականացման համար. ընդդիմություն
Հայաստանի կողմից իրականացված քայլերը բավարար չեն երկրում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի իրականացման համար, հայտարարել է խորհրդարանի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի (George Colombier) և Ջոն Պրեսկոտի (John Prescott) հետ հանդիպման ժամանակ։
ԵԽԽՎ համազեկուցողները նախօրեին երկօրյա այցով Երևան են ժամանել՝ ԵԽԽՎ բանաձևի պահանջների կատարումը գնահատելու նպատակով։
Ինչպես նշեց խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, Հայաստանը ուշ սկսեց բանաձևի պահանջների կատարումը, ինչը, ըստ նրա, ժամանակ շահելու միջոց էր:
«Արդեն արված որոշակի քայլերը բավարար չեն ասելու, որ բանաձևի պահանջները կատարվում են», Սաֆարյանի խոսքերը -«Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը շահագրգիռ է եղել պահանջների կատարման հարցում, քանի որ դրանք Հայաստանի շահերից են բխում, և այդ պատճառով էլ առաջարկներ են ներկայացրել իշխանությանը, որոնք, սակայն, չեն ընդունվել:
«Առաջարկների փաթեթում եղել են նաև հետևյալ կետերը՝ «չեղյալ համարել Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, քննարկել քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու, «Ընդդիմության մասին» օրենքի մշակումը միասին կատարելու և այլ հարցեր»,-ասաց Սաֆարյանը:
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի զեկույցի կապակցությամբ օրերս Ազգային ժողովում անցկացված լսումներին՝ Սաֆարյանն այն թերի որակեց, քանի որ, իրենց կարծիքով, հրավիրված չէին կարևոր պաշտոնատար անձինք, իսկ խմբակցությունն էլ հնարավորություն չունեցավ ամբողջական ներկայացնելու իր տեսակետը:
Խմբակցության անդամների կարծիքով, կազմակերպված լսումների նպատակը մեկն էր` մեղադրել օմբուդսմենին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլյան նստաշրջանի ժամանակ ընդունված 1609 –րդ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 1609 –րդ բանաձևի շրջանակում կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը՝ երխոսություն հաստատել և լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես, երկրի ժողովրդավարական ինստուտների ամրապնդման, ԶԼՄ-ների ազատության ապահովման ուղղությամբ և մարտի 1-ին դեպքերի անաչառ հետաքննություն անցկացնել։ Մինչև ամառային նստաշրջան ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ բանաձևի դրույթները չկատարելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքի կորուստ։-0-

