Քաղաքական ուժերը չպետք է մտնեն Հայաստանի նախագահին առընթեր Հանրային խորհուրդ

10.06.2008, 14:06
Քաղաքական ուժերը չպետք է մտնեն Հայաստանի նախագահին առընթեր Հանրային խորհուրդ

Քաղաքական ուժերը չպետք է մասնակցեն ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհդի աշխատանքներին, կարծում է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։

«Կարծում եմ՝ քաղաքական գործիչներն իրենց նպատակներն ունեն, առաջին հերթին՝ իշխանության հասնել, և այդ նպատակը ոչ միշտ է համընկնում ժողովրդի շահերի հետ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսին ասաց Դանիելյանը։

Նրա խոսքերով, Խորհրդի կազմում պետք է մտնեն քաղաքացիական հասարակության և հայ մտավորականության ներկայացուցիչները, մարդիկ, ովքեր «իրենց շահերը վեր չեն դասում հասարակականից և վայելում են ժողովրդի վստահությունը»։

«Ծայրահեղ դեպքում կարելի է ստեղծել երկու խորհուրդ, և երկրորդի կազմում կարող են ընդգրկվել քաղաքական ուժերը։ Նման խորհուրդները կարող են հավաքվել և քննարկել կարևորագուն խնդիրներ»,- ասաց Դանիելյանը։

«Քաղաքացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Մանուկյանն իր հերթին նշեց, որ Խորհրդի նպատակն առաջին հերթին պետք է լինի այն, որ ժողովրդին հասցնի երկրում ընթացող երևույթների էությունը։

«Շատ փորձագետներ, մասնագետներ կարող էին բանավիճել այս թեմաների շուրջ, իսկ մարդիկ, վստահ եմ, այսպիսով կստանան գլխավոր հարցի պատասխանը՝ ինչու է երկրում ամեն ինչ տեղի ունենում այսպես և ոչ թե այլ կերպ»,- ասաց Մանուկյանը։

Նրա կարծիքով, շատ կարևոր է երկրի քաղաքացիներին բացատրել, որ ժողովրդավարության զարգացման համար անհրաժեշտ է երկրում համակարգային փոփոխություններ իրականացնել, որոնք երկրի բոլոր քաղաքացիներին, պաշտոնյաներին էլ այդ թվում, կկանգնեցնեն օրենքին ենթարկվելու  անհրաժեշտության առջև։

Նա հույս հայտնեց, որ խորհուրդը իշխանությունների կողմից մարտավարական քայլ չի լինի, այլ կմտնի երկրի զարգացման երկարատև ռազմավարության մեջ։

Հայաստանի խորհրդարանում առաջիկայում Հասարակական խորհուրդը ձևավորելու աշխատանքային խումբ կստեղծվի, որի կազմում կընդգրկվեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին նախագահական ընտրություններին մասնակցած երկրի ղեկավարի պաշտոնի թեկնածուներ, մշակույթի, գիտության, սպորտի ներկայացուցիչներ։

Հայաստանի Հասարակական խորհրդի իրավասությունների մեջ են մտնելու բոլոր պետական կարևորություն ներկայացնող հարցերի քննարկումը, օրենքների,  ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը։ Խրոհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ։--0--