Հայաստանի իշխանությունները կարձագանքեն ԶԼՄ-ների զրպարտող լուրերին

25.04.2008, 17:03
Հայաստանի իշխանությունները կարձագանքեն ԶԼՄ-ների զրպարտող լուրերին
Հայաստանի իշխանությունները կարձագանքեն ԶԼՄ-ների զրպարտող լուրերին

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ կատարել ԶԼՄ-ների աշխատանքում՝ օպերատիվ արձագանքելով մամուլում հրապարակվող լուրերին, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Փոխվելու է մեր աշխատանքային ոճը ԶԼՄ-ների հետ։ Պատասխանատու լրատվամիջոցներ ունենալու համար, առաջին հերթին, հարկավոր է ունենալ պատասխանատու իշխանություն։ Սա առաջին սկզբունքն է, որը մեր առջև դրել է ՀՀ նախագահը։ Այսուհետ, մենք պարտավոր ենք արձագանքել մամուլում հասարակական մեծ հնչեղություն ստացած լուրերին»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով, կառավարության ղեկավարի վարչակազմը վերլուծելու է դրանցում հնչեցված խնդիրները։

«Եթե ԶԼՄ-ներում հայտնվի զրպարտող կամ սուտ տեղեկատվություն, ապա մենք ձեզ հետ պարտավոր ենք արձագանքել»,- նշեց կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով, նախագահը համապատասխան հանձնարարական է տվել, որպեսզի օրենսդրական փոփոխություններ պատրաստվեն՝ իրավական դաշտը հստակեցնելու համար։

Արդեն այսօր կառավարության ղեկավարը տվել է առաջին հանձնարարականը։

«Ապրիլի 23-ին «Առավոտ» թերթը տեղեկատվություն էր տպագրել Սյունիքի մարզի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին։ Ես հանձնարարում եմ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին ծառայողական քննություն կազմակերպել հանգամանքները պարզելու ուղղությամբ, և դրանց արդյունքների մասին զեկուցել վարչապետին»,- ասաց Սարգսյանը։--0—