Հայաստանում տեղի է ունեցել խոհարարների մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը
Շաբաթ օրը Հայաստանում տեղի է ունեցել խոհարարների մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Մրցույթի եզրափակիչը ծրագրված է անցկանցել մայիսի երկրորդ կեսին։
Մրցույթին մասնակցել են յոթ խոհարարներ, որոնք 45 րոպեում պետք է պատրաստեին երեք տարբեր ուտեստ՝ ձկան, թռչնի մսից, ինչպես նաև բանջարեղենով աղցան։
«Մենք փորձել ենք այնպես անել, որ ուտեստների պատրաստման ժամանակ հնարավորինս օգտագործվեն Հայաստանին բնորոշ մթերքներ», - ասել է լրագրողներին մրցույթի կազմակերպիչ «Հայկական խոհարարության ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Սեդրակ Մամույանը։
Նրա կարծիքով, հայ խոհարարները պետք է «պահպանեն հայկական խոհանոցի ավանդույթները և ներկայացնեն այն աշխարհին»։ «Մեր տեղը համաշխարհային խոհարարության մեջ ազատ է, և մենք պետք է զբաղեցնենք այն», - ասել է նա։
Մամույանը կարծում է, որ այդ մրցույթը կօգնի բացահայտել Հայաստանի խոհարարների երիտասարդ սերնդի ներուժը։ Նա նշել է, որ մրցույթի ժյուրին բաղկացած է այդ բնագավառի մասնագետներից՝ ավելացնելով, որ օբյեկտիվության ապահովման համար բոլոր ներկաները կարող են ավելացնել կամ հանել մեկ բալ մրցույթի յուրաքանչյուր մասնակցից՝ փորձելով և գնահատելով պատրաստված ուտեստները։
Մրցույթի արդյունքներով՝ առաջին տեղն է զբաղեցրել «Կոլաժ» ռեստորանի շեֆ-խոհարար Գարիկ Գևորգյանը, նրա ուտեստները ոչ միայն համեղ էին պատրաստված, այլ նաև գեղեցիկ զարդարված էին։ Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար «Բրիջ» բար-ռեստորանի խոհարար Գրիգորի Անտինյանը և «Ծղոտներ» ռեստորանի խոհարար Գևորգ Սմբատյանը։
Ժյուրիի կարծիքով, նրանք գնահատել են ոչ միայն պատրաստված ուտեստների համային որակները, այլ նաև դրանց օգտակարությունն ու ձևավորումը։
Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի երկրորդ կեսին՝ Շուշիում (ԼՂՀ)։ Եզրափակչում կմասնակցեն կիսաեզրափակչի առաջինից-երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները։ Եզրափակչում կհայտարարվի Հայաստանի լավագույն խոհարարը, որը նաև կստանա դրամական պարգև։
Մրցույթի անցկացմանը ֆինանսական օժանդակությունն է ապահովում «Շուշի» հիմնադրամը։-0-