Սերժ Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը

09.04.2008, 14:11
Սերժ Սարգսյանը ստանձնեց  նախագահի պաշտոնը
Սերժ Սարգսյանը ստանձնեց  նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած  Ազգային ժողովի հատուկ նիստում ժողովրդին տրված երդմամբ ստանձնեց  նախագահի պաշտոնը։

Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին  կայացած նախագահական ընտրությունների արդյունում հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Եվրոպայի և ԱՊՀ դիտորդական առաքելություններն ընտրությունները ճանաչել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։

Հանրապետության երրորդ նախագահը երդվեց  յոթերորդ դարի  Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահամանադրության  Մայր օրինակի վրա։

Նորընտիր նախագահի երդման տեքստում ասված է. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։

Այսօր ևեթ լրանում է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը, նա իր լիազորություններն ստանձնել է 2003թ. ապրիլի 9-ին և պաշտոնավարել երկու ժամկետ։  

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությանը կհաջորդի Ազատության հրապարակում անցկացվելիք հաղթական քայլերթը։

ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցում են  58 երկրների պաշտոնական պատվիրակություններ, 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը, ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան։ Հյուրերի թվում են նաև Չեխիայի սենատի նախագահ Պրշեմիալ Սոբոտկան, Թուրքմենստանի մեջլիսի նախագահ Ակջու Նուրբերդիեւը, Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն, Իրանի էներգետիկայի նախարար Փ. Ֆաթահը։

Արարողությանը  մասնակցում են  նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան–Ֆրանսուա Բյուրոն, Արաբական պետությունների լիգայի քարտուղարի տեղակալ Մ. Սեդեյը։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա հանրապետության նախագահը  վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: --0-