Ամերիաբանկը գործարքների 99%–ն իրականացնում է թվային հարթակների միջոցով և ուժեղացնում է պաշտպանությունը զեղծարարությունից
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայումս Ամերիաբանկի մասնաճյուղերի միջոցով իրականացվում է գործարքների ընդամենը 1%-ը, մինչդեռ մնացած 99%-ն իրականացվում է թվային հարթակների և ինքնասպասարկման սարքերի միջոցով, երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ մասնաճյուղերից դուրս իրականացվող գործարքների մասնաբաժինը կշարունակի աճել:
Միևնույն ժամանակ, թվային տրանսֆորմացիան և նոր տեխնոլոգիաների ներդրումը ստեղծում են լրացուցիչ ռիսկեր, այդ թվում՝ կապված զեղծարարության հետ:
«Զեղծարարության ռիսկը միշտ գոյություն ունի, և բանկերը մշտապես կառավարում են համապատասխան ռիսկերը: Կենտրոնական բանկը և առևտրային բանկերը միջոցներ են ձեռնարկում դրանք զսպելու համար», — ասաց Բարսեղյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
Նա նշեց, որ պաշտպանության նոր գործիքներից մեկն է դարձել «ստոպ» կոճակը, որը թույլ է տալիս մասնակի կամ ամբողջությամբ սահմանափակել որոշակի ծառայությունների տրամադրումը:
Ընդ որում, Բարսեղյանի խոսքով, զեղծարարությանն արդյունավետ հակազդումը պահանջում է միջոցառումների համալիր, քանի որ չարագործները մշտապես ադապտացվում են առանձին պաշտպանական լուծումներին:
«Մենք զարգացնում ենք առցանց մոնիթորինգի համակարգերը ոչ միայն քարտային գործառնությունների, այլև բոլոր մնացած ծառայությունների համար: Դա թույլ է տալիս օպերատիվորեն արձագանքել ոչ ստանդարտ ու անոմալ գործողություններին և կանխել խնդրի հետագա զարգացումը», — պարզաբանեց նա:
Բարսեղյանի խոսքով՝ միջոցառումների համալիրի կիրառման շնորհիվ Հայաստանում զեղծարարությունից գործառնական կորուստները մնում են աննշան:
«Զեղծարարության դեպքեր արձանագրվում են, սակայն ծավալներով դրանք անհամադրելի են այլ երկրների ցուցանիշների հետ», — հայտարարեց նա:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինտեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

