Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև փոխզիջման հնարավորությունները հիմա նվազ են. գեներալ-մայոր Քոթանջյան
Բաքվի ակնհայտորեն ռևանշիստական դիրքորոշման անփոփոխության պայմաններում Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև փոխզիջման հնարավորությունները այս փուլում շատ նվազ են, հայտարարել է ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:
«Բաքվի դիրքորոշումն իր էությամբ անառարկայական և անհեռանկարային է: Ադրբեջանի այն հայտարարությունները, թե ինքը լիովին հավատարիմ է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է նա:
Քոթանջյանի խոսքերով, ի հակադրումն ժամանակակից միջազգային իրավունքի նորմերի` Բաքուն չի ընդունում, որ ԼՂՀ-ն առաջնային միջազգային սուբյեկտ է:
«Ներկայում ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, թե իր կողմից զիջումը կսահմանափակվի միայն այն բանով, որ ինքը կհամաձայնի շարունակելու Հայաստանի հետ խորհրդատվությունները Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի Հանրապետությունը մերժում է ԼՂՀ-ի հետ անմիջական երկխոսության հնարավորությունը»,- ասել նա:
Քոթանջյանը կարծում է, որ Ադրբեջանն իր հրապարակային քաղաքականությամբ ոչ միայն տապալում է Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը, այլև չի արձագանքում Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսություն իրականացնելու Եվրոպայի Միության հանձնարարականներին (ԵԽԽՎ 2005 թ. հունվարի 25-ի հմ. 1416 բանաձև), թեև ԼՂՀ-ն հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններին:
«Վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը` ուղղված Մինսկի խմբի կազմում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի լիազորազերծմանը, ՄԱԿ-ին Ղարաբաղյան կարգավորման` այդ կազմակերպության կանոնադրությանը իրավաբանորեն հակասող բանաձևի պարտադրման փորձը ղարաբաղյան հարցում Բաքվի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշման վկայությունն են»,-ասել է Քոթանջյանը:
ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խոսքերով, Ադրբեջանի «զիջումը» հավասարազոր չէ ոչ միայն հայկական կողմի զիջումներին, այլև Մինսկի խմբի կողմից առաջարկվող զիջմանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։--0—