Անկարգությունից տուժած ևս երկու հոգի դուրս են գրվել հիվանդանոցից. առողջապահության նախարարություն
Մարտի 1-2-ին անկարգություններից տուժած ևս երկու հոգի դուրս են գրվել մայրաքաղաքի բուժհաստատություններից, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Մարտի 28-ի դրությամբ Երևանի տարբեր հիվանադնոցներում դեռ վեց տուժածներ կան, որոնց թվում՝ մեկ ոստիկանության աշխատակից, մեկ զինծառայող և չորս քաղաքացի»,- հայտնեց մամուլի ծառայության աշխատակիցը։
Գործակալության զրուցակիցը նշեց, որ հոսպիտալացված զինծառայողը և մեկ քաղաքացի նախկինի պես գտնվում են վիրաբուժության բաժանմունքում։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։
ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է 106 մարդ։
Երևանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ: -0-

