ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Սոֆիկո Ճիաուրելիի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի ընտանիքին։ Սոֆիկո Ճիաուրելին մահացել է նախօրեին՝ Թբիլիսիում։
«Ցավով ստացա տաղանդավոր դերասանուհի, Վրաստանի ու Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի մահվան գույժը», - երկուշաբթի Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերել են ՀՀ վարչապետի խոսքերը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Իր կյանքով ու գործունեությամբ դերասանուհին կամրջում էր մշակույթներ, ամրապնդում մեր եղբայրական ժողովուրդների բարեկամությունը: Խորապես ցավակցում եմ վրաց ժողովրդին, Սոֆիկո Ճիաուրելիի ընտանիքի անդամներին ու հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին», - ընդգծվում է հեռագրում։
Վրաստանի ժողովրդական արտիստուհի, տարբեր միջազգային կինոփառատոններրի դափնեկիր Սոֆիկո Ճիաուրելին մահացել է Վրաստանում մարտի 2-ին, կյանքի 71-րդ տարում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նա ծնվել է հռչակավոր դերասանուհի Վերիկո Անջափարիձեի և ռեժիսոր Միխայիլ Ճիաուրելիի ընտանիքում։
Իր ստեղծագործական կյանքում Ճիաուրելին թատրոնում և կինոյում խաղացել է ավելի քան 100 դեր։ Նրան նկարահանել են Ալլա Սուրիկովան և Գեորգի Դանիելիան։ Սերգեյ Փարաջանովի համար Սոֆիկո Ճիաուրելին իսկական մուսա էր։ Խորհրդային հանդիսատեսը նրան սիրել է «Փնտրեք կնոջը», «Մի վշտացիր», «Նռան գույնը», «Մի վախեցիր, ես քեզ հետ եմ», «Խոստովանություն», «Միլիոնը՝ ամուսնական զամբյուղում», «Կտոր մը երկինք», «Արևիկ» ֆիլմերում մարմնավորած կերպարների համար։-0-