ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը ՆԱՏՕ-ի ԽՎ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը և ՆԱՏՕ ԽՎ նորանշանակ Գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսը քննարկել են Հայաստանի ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համագործակցության հեռանկարները։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի և տեղեկատվության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական միջոցառումների և փոխադարձ այցելությունների կազմակերպման հնարավորություններին։
Հանդիպմանը Մկրտչյանը և Հոբսը քննարկել են ՆԱՏՕ ԽՎ առաջիկա ծրագրերը, այդ թվում մայիսին Բեռլինում կայանալիք գարնանային նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները։ Բեռլինյան նստաշրջանի օրակարգային հիմնական հարցերից են լինելու Աֆղանստանի խնդիրները, կիբեր պաշտպանության և էներգետիկ անվտանգության հարցերը: Հատուկ ուշադրության կարժանանա նաև Դաշինքի նոր Ռազմավարական հայեցակարգի մշակման խնդիրը:-0-