Նախընտրական շրջանում հայկական ԶԼՄ-ները ծառայում են կոնկրետ քաղաքական ուժերի. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ընտրությունների հիմնական խնդիրը հայկական մամուլի քաղաքականացված լինելն է, որը ծառայում է ոչ թե լսարանին, այլ կոնկրետ քաղաքական ուժերի, կարծում է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Որոշ հեռուստաընկերություններ պատակնում են կոնկրետ թեկնածուների, մյուսները փաստացիորեն կուսակցական ալիքներ են, մնացածը աչ պաշտոնական մակարդակով գտնվում են այս կամ այն կողմում»,- չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Իսկանդարյանը։
Նրա խոսքով, չեզոք գոտում գտնվող տեղեկատվական դաշտ չկա կամ էլ շատ չնչին է։
Նա ընդգծեց, որ բացի անվճար և վճարովի եթերներից, որոնք թեկնածուներին տրամադրվում են օրենքի շրջանակներում, կան նաև լրատվական ծրագրեր, որոնք չափից դուրս քաղաքականացված են։
«Մարդը կարող է կարդալ լրագիր կամ դիտել հեռուստաալիք, որը ներկայացնում է իրեն դուր եկած թեկնածուի շահերը, և ստանալ տեղեկություններ, որոնք տարբերվում են մյուս լրատվամիջոցների հաղորդագրություններից»,- ասաց Իսկանդարյանը։
Նրա խոսքով, այստեղ կա որոշակի դինամիկա, և այդ հաղորդումների միջոցով կարելի է տեսնել, թե «որ քաղաքական ուժն է ավելի շատ կամ պակաս նյարդայնանում, թե ինչ չափով են նրանք օգտագործում հակապիառը»։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու։--0—