ՀՀ ԿԸՀ նախագահը և ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են հանրապետության նախընտրական դրությունը

23.01.2008, 19:06
ՀՀ ԿԸՀ նախագահը և ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են հանրապետության նախընտրական դրությունը

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հենրիխ Արենսը (Dr Geert-Hinrich Ahrens) չորեքշաբթի քննարկել են հանրապետությունում տիրող նախընտրական դրությունը:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԿԸՀ լրատվական ծառայությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովների անդամներին ուսուցանող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում ԿԸՀ նախագահը հայտնեց, որ արդեն պատրաստ է տեսահոլովակը, որը ընտրողներին ծանոթացնում է քվեարկության կարգի հետ։

Նրա խոսքերով, ընտրողների իրազեկման համար Եվրախորհրդի աջակցությամբ նկարահանված քվեարկության կարգը բացատրող տեսահոլովակը հեռարձակվելու է հայկական հեռուստաընկերություններով։ Ազարյանը նաև տեղեկացրեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ նկարահանվել է ուսուցողական ֆիլմ, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը

Իր հերթին դեսպան Արենսը համառոտ ներկայացրեց առաքելության կատարած աշխատանքները։ Նա ասաց, որ մտադիր է անձամբ այցելել մի շարք ընտրատեղամասեր։

Դեսպանը նաև տեղեկացրեց, որ այժմ առաքելությունն աշխատում է առաջին միջանկյալ  զեկույցի վրա, որը կհրապարակվի ս.թ. հունվարի 30-ին։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ԿԸՀ-ում գրանցված ինը թեկնածուներ։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց նախագահի թեկնածուների քարոզարշավը, որը տևելու է մինչև փետրվարի 17-ը։--0—