Հայկական հեռահաղորդակցական «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հրաժարական է տվել
Հայկական հեռահաղորդակցական «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը 2007թ. դեկտեմբերի 29-ին վճռել է լքել ընկերությունը։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, հրաժարականի մասին որոշումը պայմանավորված է «մեկ այլ ընկերության կողմից հետաքրքիր առաջարկ» ստանալով։
«Այն ժամանակաշրջանում, երբ Բլիզնյուկը ղեկավարում էր ընկերությունը, մեր բիզնեսը Հայաստանում զարգանում էր բավականին դինամիկ, և մենք գոհ ենք ֆինանսական տվյալներից։ Այդ ընթացքում ծավալուն աշխատանք է իրականացվել սարքավորումների արդիականացման և փոխարինման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչը հետագայում թույլ կտա «ԱրմենՏելին» համապատասխանել ամենաժամանակակից չափանիշներին»,-նշվում է «ԱրմենՏել» ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ներկայումս «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարը ընկերության բջջային բիզնեսի տնօրեն Գենադի Կոլգաշկինն է։
Հայկական «ԱրմենՏել» ՓԲԸ հեռահաղորդակցական ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերը 2007թ. ապրիլից ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունն է (ապրանքանիշը՝ «Բի-Լայն»)։ «ԱրմենՏել» ընկերությանը բաժին է ընկնում բջջային կապի շուկայի շուրջ 33%-ը։
2006թ. վերջին «ԱրմենՏել»-ի բաժանորդների թիվը կազմել է 608,5 հազ.՝ ֆիքսված կապի և 452 հազ.՝ բջջային կապի ոլորտում։--0—