Նախագահական ընտրություններին Հայաստանի եզդիները կսատարեն երկրի վարչապետին

30.11.2007, 15:03
Նախագահական ընտրություններին Հայաստանի եզդիները կսատարեն երկրի վարչապետին

2008 թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին Հայաստանի եզդիները կսատարեն երկրի գործող վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը։

«Մենք լավ գիտենք Սարգսյանի ղեկավարման հմտությունները և ազգային փոքրամասնությունների հանդեպ նրա բարյացակամ վերաբերմունքը», - ասաց նա։

Թամոյանը հայտարարեց, որ անձամբ է այցելել Հայաստանում գտնվող եզդիների բազմաթիվ համայնքներ և համոզվել է գործող վարչապետին սատարելու եզդիների վճռականության մեջ։

Միաժամանակ, նա մտահոգություն արտահայտեց հայկական տարբեր կուսակցությունների միջև տիրող թշնամության մթնոլորտի վերաբերյալ։

«Ափսոսանք է հարուցում կուսակցությունների միջև գոյություն ունեցող թշնամանքը և միմյանց վրա ցեխ շպրտելու պրակտիկան։ Մենք ընդունել ենք եվրոպական չափանիշները և պետք է առաջնորդվենք քաղաքակիրթ պետության սկզբունքներով, որտեղ նման իրողությունները բացառված են», - ասաց նա։

Հայաստանում, որտեղ բնակվում է 60 հազ. եզդի, լույս է տեսնում եզդիների թերթ և հեռարձակվում՝հեռուստածրագիր։ Հայաստանի մի շարք դպրոցներում իրականացվում է նաև ուսուցում եզդիերենով։-0-