ԱՄՆ-ի 106-րդ բանաձևի ընդունման դեմ պայքարելով՝ Թուրքիան կրկին ապացուցեց, որ քաղաքակիրթ երկիր չէ. ՀՅԴ ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից 106-րդ բանաձևի ընդունման դեմ ձեռնարկված իր գործողություններով, Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցեց իր անքաղաքակիրթ լինելու փաստը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների գծով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։
«Սա ոչ թե անցյալի, այլ ներկայի հարց է, և քանի դեռ Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը, մենք վտանգի մեջ ենք։ Հիմա մենք երաշխիքներ չունենք, որ հայերի ցեղասպանությունը Թուրքիայում չի կրկնվի»,- ասաց Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այս բանաձևի սոսկ ընդունումը, որը որևէ իրավաբանական ուժ չունի, արդեն դարձել է Թուրքիայում հայերին հետապնդելու պատճառ։
«Թուրքիայի վերաբերմունքն ապացուցում է, որ աշխարհում սկսվել է ցեղասպանության ճանաչման շատ ճիշտ գործընթաց։ Հատկապես դրա ճանաչումը ԱՄՆ-ի կողմից, որը լուրջ ազդեցություն ունի Թուրքիայի վրա և երբեևէ թշնամական վերաբերմունք չի ունեցել նրա նկատմամբ, ցեղասպանության փաստն արդեն անվիճելի է դարձնում»,- կարծում է Ռուստամյանը։
Խորհրդարանականի կարծիքով, Թուրքիայի բոլոր հուսահատ ջանքերը, ուղղված ԱՄՆ կոնգրեսում 106-րդ բանաձևի դրական քվեարկությանը խանգարելուն, վկայում են Անկարայի արտաքին քաղաքականության համար այս հարցի էական նշանակության մասին։
«Հիմա Թուրքիան իր բոլոր ուժերն ուղղել է ԱՄՆ-ում այս բանաձևի ընդունման գործընթացին խանգարելուն և կոնգրեսականների վրա ազդելուն։ Սա պատճառ հանդիսացավ, որպեսզի նրանցից ոմանք հետ վերցնեն բանաձևի տակ դրված իրենց ստորագրությունները։ Սակայն Թուրքիային դժվար թե հաջողվի լուրջ արդյունքների հասնել նման քաղաքականությամբ»,- ասաց պատգամավորը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին կասկած է հայտնել 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում թուրքական կողմից իրագործված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող 106-րդբանաձևի քվեարկության դրական ընթացքի կապակցությամբ:
Հոկտեմբերի 10-ին, 27 կողմ և 21 դեմ ձայներով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսեց Բուշի առարկությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտահայտել Օսմանյան թուրքական կայսրության կողմից հայերի դեմ գործված ցեղասպանության փաստը։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկ ու կես միլիոն հայերի ջարդը և շատ ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։
1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության փաստը ընդունվել է աշխարհի շատ երկրների, ինչպես նաև ԱՄՆ 40 նահագների կողմից։ --0—