Հայաստանը բարձր է գնահատում ԱԳԳԾ ծրագրի իրականացման գործում ՆԱՏՕ-ի և գործընկերների աջակցությունը
Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի և անդամ-երկրների կողմից Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացմանը ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, տրամադրվող խորհրդատվական օգնությունը։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է նախօրեին երեկոյան Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Հանդիպման սկզբում ԱԳ նախարարը կարևորել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով սահմանված գործողությունների իրականացման ընթացքը` մասնավորապես ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը, Երևանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի բացումը, Հայաստանում Ճգնաժամերի կառավարման իրավիճակային կենտրոնի ստեղծման հետ կապված գործընթացը, պաշտպանական ոլորտի բարեփոխումներին ուղղված օրենսդրական նախաձեռնությունները:
Նախարարը նաև ողջունել է ՆԱՏՕ-ի որոշումը՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության նոր պատասխանատուի նշանակման մասին:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են 26+1 ձևաչափով Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական խորհրդակցությունների կազմակերպմանը, և այդ համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի վերաբերյալ Դաշինքի հետ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:
Կողմերը նաև քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից խաղարարար գործողություններին Հայաստանի մասնակցությունը: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը ներկայացրել է իր գնահատականները Դաշինքի և Հարավային Կովկասի պետությունների հետ hամագործակցության վերաբերյալ` 2008թ. ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Կոսովոյի հիմնահարցի, Աֆղանստանում տիրող իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների շուրջ:
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով, ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին: -0-

