ՀՀ վարչապետը մասնակցելու է Լոռու մարզի դատախազի հուղարկավորությանը

27.08.2007, 15:47
ՀՀ վարչապետը մասնակցելու է Լոռու մարզի դատախազի հուղարկավորությանը
ՀՀ վարչապետը մասնակցելու է Լոռու մարզի դատախազի հուղարկավորությանը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երկուշաբթի մեկնեց Լոռու մարզ՝ մասնակցելու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի հուղարկավորության արարողությանը։

Այս մասին երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մամուլի հաղորդագրության համաձայն, երեկոյան վարչապետը կայցելի Արմավիրի մարզ, որտեղ ներկա կգտնվի «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի միջոցներով վերանորոգված Լեռնագոգ գյուղի միջնակարգ դպրոցի բացման արարողությանը։

Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը սպանվել է շաբաթ օրը՝ ժամը 00։20ին։ Անհայտ անձը չորս անգամ կրակել է նրա վրա, ինչի արդյունքում դատախազը ստացել էր երեք թափանցանց և մեկ կույր հրազենային վերք՝ պարանոցի ետևի և ուսերի հատվածում։

ՀՀ գլխավոր դատախազությունը սպանության փաստով գործ է հարուցել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով (անձի կամ նրա մերձավորների սպանություն՝ այդ անձի ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված)։

Ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում են Գլխավոր դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության փորձառու աշխատակիցներ։

Շաբաթ օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավապահ մարմիններին հանձնարարել է՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սպանությունը բացահայտելու համար և կանոնավոր կերպով իրեն զեկուցել հետաքննության ընթացքի մասին։ --0—