Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. քաղաքագետ

21.08.2007, 17:55
Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. քաղաքագետ

Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս կարծիքն է երեքշաբթի լրագրողներին հայտնել Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր (ԱՄՆ), քաղաքագետ Ասպետ Կուչիկյանը։

Նրա կարծիքով, այսօր Ադրբեջանը Թուրքիայի վրա լուրջ ճնշում է գործադրում՝ Հայաստանի շրջափակման տեսակետից։

«Բայց եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն և սահմանը բացվի, ապա Հայաստանն ավելի լավ դիրք կունենա՝ Ադրբեջանի հետ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունների տեսակետից։ Ադրբեջանն այլևս նման ազդեցության լծակ չի ունենա Հայաստանի վրա»,- ասաց Կուչիկյանը։

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: 1993թ.-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան, որպես հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ-ի պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ տեղի  ունեցած հանրաքվեի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ է արտահայտվել։ 

Ի պատասխան Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սկսել է լայնամասշտաբ պատերազմ։ Ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ հրադադարի ռեժիմի հաստատման մասին պայմանագրի ստորագրումից հետո, որը ուժի մեջ է մինչև այսօր։ --0--