Հայ մեծանուն նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հինգշաբթի
Հայ մեծանուն նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին նկարչի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովից։
Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ խաչատրյանի աճյունը Մոսկվայից Երևան կտեղափոխվի օգոստոսի 22-ին, քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հինգշաբթի` օգոստոսի 23-ին, ժամը 12:00-14:00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորության արարողությունը կկայանա նույն օրը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Ռուդոլֆ Խաչատրյանի մահվան կապակցությամբ, ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի գլավորությամբ:
Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Լորիսի Խաչատրյանը ծնվել է 1937 թ. մարտի 4-ին Երևանում։ Նրա ուսուցիչը և առաջնորդը արվեստի աշխարհում եղել է մաեստրո Երվանդ Քոչարը՝ նորարար-նկարիչ, «pienture dans I'espace» («տարածության գեղանկար») գեղարվեստական սկզբունքի հիմնադիր, որն ապրել և ստեղծագործել է մինչև 1936 թ.-ը Փարիզում։
50-ականների կեսերից Խաչատրյանը մասնակցում է հանրապետական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների, որտեղ նրա աշխատանքները գրավում են գեղարվեստական հասարակայնության ուշադրությունը։ 1959 թ.-ին Վիեննայում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսին երիտասարդ նկարիչը պարգևատրվում է բրոնզե մեդալով։ Պետական Տրետյակովյան պատկերասրահը 70-ականներին ձեռք է բերում Խաչատրյանի աշխատանքները։
Այդ տարիներին նկարիչը ակտիվ մասնակցում է Մոսկվայում, Երևանում, Փարիզում, Լիսաբոնում, Լոնդոնում, Դեթրոյտում, Լոս-Անջելեսում անկացվող ցուցահանդեսներին։ 1980 թ.-ին նրա աշխատանքները ցուցադրվում են Լոնդոնի Hermitag Gallery-ում՝ «20-րդ դարի հայտնի ռուս նկարիչները» ցուցահանդեսում։ 1971 թ.-ից Խաչատրյանը հիմնականում բնակվում էր Մոսկվայում, սակայն ամեն տարի այցելում էր Հայաստան։
Նկարիչը մահացել է օգոստոսի 15-ին՝ Գերմանիայում՝ վիրահատության ժամանակ։ -0-