Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ․ Անդրանիկ Քոչարյան

27.02.2025, 14:59
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրավունք չուներ գերեվարվելու, հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը
Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ․ Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրավունք չուներ գերեվարվելու, նրանց գերեվարումը սպառնալիք է երկրի համար, ասաց ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«Եթե դատավարության ընթացքում նայեք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դիմագծերին, դուք կտեսնեք, որ գործ ունենք խոշտանգումների հետ: Հիմա այդ խոշտանգումների դեմ ի՞նչ ճանապարհ կա, որպեսզի դրա դեմն առնվի՝ իհարկե, միջազգային հանրության որոշակի արձագանքը»,- նշեց նա։ 

Նա ավելացրեց, որ Ռուբեն Վարդանյանի դեմքին «գրված է», թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում: 

«Ռուբեն Վարդանյանը մեծահարուստ անձնավորություն է, նաև ինքը ստեղծեց «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որը հումանիտար, շատ կարևոր միջազգային գործընթաց ապրած համակարգ էր։ Այսօր նույն «Ավրորա»-ն Ռուբեն Վարդանյանի հետ կապված անելիք չունի՞, Նուբար Աֆեյանն անելիք չունի՞», – հարցադրում է անում Քոչարյանը։ 

Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: 

«Մի ասա այն, ինչը ինչ-որ պահի կօգտագործվի քո դեմ: Բա պիտի այդ դատավարությունն (Բաքվում անցկացվող շինծու դատավարությունը, խմբ․) օգտագործվի Հայաստանի դեմ: Բա պետք է չգերեվարվեր, դուք իրավունք չունեիք գերեվարվելու: Նման մակարդակի պաշտոնյաների գերեվարումը սպառնալիք է երկրի համար»,- նշել է Քոչարյանը։ 

Նշենք, որ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը։ Փաստաբանը հայտնել է, որ Վարդանյանի առողջությունը վտանգնված է և կոչ է արել աշխարհի առաջնորդներին, հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը Բաքվում։

Տեսաուղերձով է հանդես եկել նաև Վարդանյանի որդին։