Եթե հիմա ոտքի չկանգնենք, ռիսկի ենք ենթարկում ապագա սերունդներին․ Ռուբեն Վարդանյանի որդին հանդես է եկել տեսաուղերձով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հանդես է եկել տեսաուղերձով։
Նա նշել է, որ պատրանք է մտածել, թե միայն այն պատճառով, որ ֆիզիկապես ապրում ենք Լոս Անջելեսում, Բոստոնում, Փարիզում, Լոնդոնում կամ Երևանում, ապա ապահով ենք հայերի դեմ ագրեսիայից:
«Իմ հայրը քաղբանտարկյալ է Բաքվում արդեն 500 օրից ավել հայազգի այլ կալանավորների հետ միասին։ Իմ հայրը իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ազգին։ 2022 թվականին նա բարդ որոշում կայացրեց՝ թողնել իր ընտանիքը և արցախցիների հետ տեղափոխվել այնտեղ իրենց համար առավել անհրաժեշտ պահին։ Նա 10 ամիս 120 հազար արցախցիների հետ դիմացավ բլոկադային, հետո Լաչինի միջանցքից առևանգվեց ադրբեջանցի զինվորականների կողմից։ Հիմա նա բանտարկյալ է և տանջանքների է ենթարկվում։ Հենց հիմա նա կանգնել է դատարանի առաջ, քանի որ խաղաղ ճանապարհով պաշտպանել է հայերի՝ իրենց պապենական հայրենիքում գոյություն ունենալու իրավունքը: Մենք չենք կարող լռել ու թույլ տալ այս ամենը։ Եթե Բաքվում գտնվող բոլոր հայ բանտարկյալները, այդ թվում՝ իմ հայրը, ազատ չարձակվեն, ոչ մի հայ ապահով չի լինի։ Սա Ադրբեջանի կառավարության կողմից աշխարհի բոլոր հայերին ուղղված հստակ ուղերձ էր։ Բոլորս պետք է համախմբվենք, որպեսզի հանդես գանք միասնական ճակատով և պահանջենք, որպեսզի հայերը չհետապնդվեն իրենց կրոնի կամ էթնիկ պատկանելության համար»,– նշել է Վարդանյանի որդին ուղերձում։
Նա նաև նշել է, որ հնարավոր է` հայրը հացադուլից հերթական անգամ խոշտանգումների է ենթարկվել, ինչպես դա եղել է նախորդ տարվա ապրիլին։
«Եթե հիմա ոտքի չկանգնենք, ռիսկի ենք ենթարկում ապագա սերունդներին։ Կոչ եմ անում խոսել, գործել ու անել ավելին հայ բանտարկյալների առջև ծառացած անարդարությունների մասին բարձրաձայնելու համար», – ասել է նա։
Նա կոչով դիմել է ԱՄՆ–ի հայկական սփյուռքին։
«Դիմեք ձեր սենատորներին, խոսեք նրանց հետ, նամակներ գրեք` ԱՄՆ վարչակազմի համար թեման կարևոր դարձնելու համար։ Որովհետև վստահ եմ, որ այս խնդիրը կդառնա կարևոր ԱՄՆ վարչակազմի համար, եթե մենք հրավիրենք նրանց ուշադրությունը», – ասել է Ռուբեն Վարդանյանի որդին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել այս դժվարին ժամանակներում իր ընտանիքին աջակցելու համար։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը։ Փաստաբանը հայտնել է, որ Վարդանյանի առողջությունը վտանգնված է և կոչ է արել աշխարհի առաջնորդներին, հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը Բաքվում։