Ալիևն ազդարարում է ՀՀ տարածք ներխուժելու ծրագրի իրագործման և մեր ազգի լիակատար ոչնչացման սպառնալիքն իրականություն դարձնելու մտադրությունը․ ՊԵԿ նախկին նախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի նախագահի ելույթն իր էությամբ քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես, մեր երկրի տարածք ներխուժելու ծրագիրն իրագործելու մասին ազդարարում է՝ մեր ազգի լիակատար ոչնչացման սպառնալիքն իրականություն դարձնելու հստակ մտադրությամբ, հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով Ալիևի վերջին ագրեսիվ հայտարարությունները։
«Այն դեպքերում, երբ պատերազմում հաղթանակած երկրի միապետը չի ցանկանում խաղաղություն հաստատել, այլ՝ ընդհակառակը, ձգտում է ոչնչացնել պարտված երկրի ժողովրդին, ինչպես նաև զավթել այդ պետությունը՝ հռչակելով այն «ֆաշիստական պետություն», առաջնահերթ խնդիրը ներքին հասարակությանն ու ժողովրդին, ինչպես նաև միջազգային հանրությանը համախմբելն ու մոբիլիզացնելն է՝ կանխելու համար մեր երկրի հանդեպ ծրագրավորված ագրեսիան», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Անանյանը նաև ընդգծել է, որ այս իրավիճակում արտաքին սպառնալիքի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար առկա է հրատապ ու կամային որոշումներ կայացնելու և հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտություն և պահանջ։
«Եվ ամենակարևորը՝ այդպիսի որոշումներ կայացնելու և քայլեր իրագործելու կարողություն ունեցող ազգային միասնության կառավարություն», – ավելացրել է նա։
ՊԵԿ նախկին նախագահը նշել է կոնկրետ քայլեր, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ագրեսիային արդյունավետ դիմակայելու և ազգային գոյության ու ինքնիշխանության պահպանման համար։
Արտակարգ դրություն և մոբիլիզացիա
«Մեր երկրի առջև ծառացած գոյութենական խնդիրների հաղթահարման ու հանգուցալուծման համար երկրում պետք է հայտարարվի արտակարգ դրություն, իսկ զինված ուժերը պետք է բերվեն բարձր մարտական պատրաստվածության։
Միաժամանակ, պետք է նաև հայտարարվի համազգային լրիվ կամ մասնակի զորահավաք՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հստակ համագործակցությամբ սահմանապահ և սահմանամերձ համայնքների բնակչությանը սահմանների պաշտպանությանը ներգրավելու միջոցով», – նշել է Անանյանը։
Հանրային ներքին համախմբում
«Ներքին համախմբման հիմքում հասարակության ու ժողովրդի զարթոնքն է, հանրային և քաղաքացիական գիտակցության արթնացումը։ Այս առումով կարևոր է լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և ցանկացած հասանելի հաղորդակցման ուղիների միջոցով թշնամական երկրի սպառնալիքների և իրերի իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածումը:
Միաժամանակ, պետք է ստեղծել համակարգող հանձնաժողովներ, որոնց մեջ կլինեն ընդդիմության, քաղաքացիական հասարակության, մտավորականների, իրավաբանների, հասարակական գործիչների ներկայացուցիչներ։ Այս հանձնաժողովները պետք է աշխատեն բոլոր մակարդակներում գործողությունները համակարգելու ուղղությամբ», – նշել է Անանյանը։
Միջազգային մոբիլիզացիա
«Միջազգային հանրությանը մոբիլիզացնելու համար անհապաղ դիվանագիտական միջոցներ են անհրաժեշտ։ Սա կարող է ներառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու կոչ, միջազգային կազմակերպություններին (օրինակ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ) աջակցություն և դիտորդներ ստանալու համար դիմում, ինչպես նաև ակտիվ աշխատանք միջազգային լրատվամիջոցների հետ՝ սպառնացող ագրեսիան լուսաբանելու և միջազգային աջակցություն ստանալու համար։
Կարևոր է նաև աշխատանքը միջազգային կոալիցիայի ստեղծման ուղղությամբ՝ տնտեսական պատժամիջոցներ և քաղաքական ճնշում գործադրելու ագրեսոր պետության նկատմամբ, ինչպես նաև դիվանագիտական ճնշում՝ ագրեսորին համաշխարհային հարթակում մեկուսացնելու համար», – ընդգծել է Անանյանը։
Կոչ միջազգային գործընկերներին և դաշնակիցներին
«Անհրաժեշտ է հրատապ կերպով վերաիմաստավորել և վերագտնել կապերը դաշնակից պետությունների հետ և ստանալ նրանցից երաշխավորված օգնություն։ Սա ներառում է դաշնակիցների ռազմական ուժերի հնարավոր տեղակայումը երկրի տարածքում՝ ագրեսիան զսպելու նպատակով և նրանց կողմից ռազմական օգնության տրամադրումը», – եզրափակել է ՊԵԿ նախկին նախագահը։
Ալիևի հայտարարությունների մասին
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մի քանի հայտարարություն է արել։ Նա, մասնավորապես, ասել է, որ մինչև հունվարի վերջ կկայանա սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը, նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է։ Ալիևը Հայաստանն անվանել է «ֆաշիստական պետություն»՝ նշելով, որ «այդ ֆաշիզմը կոչնչացվի կամ Հայաստանի ղեկավարության կամ մեր կողմից»:
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղություն և համագործակցություն է ցանկանում Հարավային Կովկասում, և «Հայաստանը չպետք է խանգարի մեզ, չպետք է աշխարհաքաղաքական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ Ալիևը նաև պահանջել է, որպեսզի Հայաստանը դադարի զինվել, իսկ արդեն մատակարարված զենքը վերադարձնի։ Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրն անհնար է առանց ԵԱՀԿ ՄԽ վերացման, Հայաստանի Սահմանադրության փոփոխության։