Արցախցիներն արժանի հակահարված կտան իրենց անկախության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության. ԼՂՀ նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Արցախցիներն արժանի հակահարված կտան իրենց անկախության, անվտանգության և արժանապատվության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ կայացած Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2014թ. արդյունքների ամփոփմանը և 2015թ. անելիքներին:
Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, որ ագրեսորը միշտ պետք է իմանա, որ արցախցիներն ավելի ուժեղ են, ավելի համարձակ և արժանի հակահարված կտանք իրենց անկախության, անվտանգության և արժանապատվության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության:
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները:
Նախագահը 2014 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ խնդիրները, որոնք լուծում է Պաշտպանության բանակը, եղել են, կան և կմնան մեր պետության համար ամենակարեւոր ու առանցքային ուղղություններից:
Խոսելով այս տարվա անելիքների մասին՝ նախագահը հատուկ շեշտել է, որ 2015 թվականի քաղաքական օրացույցը բավականին հագեցած է համազգային և համապետական մի շարք կարեւորագույն միջոցառումներով, որոնք լրացուցիչ զգոնություն ու պատրաստվածություն են պահանջելու նաև զինված ուժերից, հատկապես որ նման ժամանակահատվածներում զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը դարձել են հակառակորդի որդեգրած քաղաքականության հիմքերից մեկը:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-