Ղարաբաղի նախագահը «Հայաստան» հիմնադրամից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրում Արցախի ջրամատակարարման ոլորտի համար

31.05.2011, 13:44
Ղարաբաղի նախագահը «Հայաստան» հիմնադրամից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրում Արցախի ջրամատակարարման ոլորտի համար
Ղարաբաղի նախագահը «Հայաստան» հիմնադրամից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրում Արցախի ջրամատակարարման ոլորտի համար

Արցախի նախագահ Բակո Սահակյանը առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2011 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում կրկին ընդգրկել Արցախի ջրամատակարարման բարելավման հարցը:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Սահակյանը նման առաջարկ է արել երեքշաբթի Երևանում կայացած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի ժամանակ՝ ընդգծելով ջրի հիմնախնդրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական նշանակությունը և այս ոլորտում առկա հիմնախնդիրները:

Իր խոսքում Արցախի ղեկավարը կարևորել է հիմնադրամի դերը ԼՂՀ շենացման ու զարգացման գործում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի ընթացքում, որը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկայացվել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի՝ 2010 թ.-ի արդյունքներին նվիրված զեկույցը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1998 թ.-ից ամենամյա հեռուստամարաթոններ է անցկացնում, որոնցից ստացված միջոցներն ուղղվում են Ղարաբաղում և Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը: Լոս Անջելեսից 2010թ.-ի նոյեմբերի 25-26-ը հեռարձակվող ավանդական 13-րդ «Հեռուստամարաթոն 2010»-ի ընթացքում հավաքվել էր 21 մլն դոլար, որոնք կուղղվեն Արցախում ջրամատակարարման համակարգերի կառուցման ֆինանսավորմանն ու ՀՀ-ում գյուղերի զարգացման ծրագրի աջակցմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին, հիմնադրամի գլխավոր խնդիրը համազգային նախագծերի իրագործումն է, ՀՀ-ում և Արցախում ենթակառուցվածքների զարգացումը: ՀՀ նախագահի գլխավորած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ներառված են հեղինակավոր սփյուռքահայեր:-0-