Ղարաբաղյան համալսարանի ռեկտորը Դուբայում մասնակցել է բուհերի կառավարման ծրագրին
Ղարաբաղյան «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը հունվարի 29-ից փետրվարի 4-ը Դուբայում է գտնվել՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների արդյունավետ կառավարում. ԱՄԷ փորձը» գործարար ծրագրին մասնակցելու նպատակով, հաղորդում է բուհի կայքը:
«Արտերկիր կատարած այցերը և այնտեղ գործող կրթական համակարգի հետ ծանոթանալը հնարավորություն են ընձեռում Ղարաբաղում դրական փորձի ներդրման և կրթական ոլորտում առկա դժվարությունների վերացման համար»,- նշեց Գաբրիելյանը:
Դուբայում ռեկտորը հանդիպումներ է անցկացրել ԱՄԷ-ում բարձրագույն կրթության համակարգը վերահսկող պետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այդ կազմակերպությունների թվում են՝ Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը, Ընդունելության և տեղաբաշխման ազգային դեպարտամենտը, Ակադեմիական հավատարմագրման հանձնաժողովը:
Կայացել են նաև Գաբրիելյանի այցերը Դուբայի միջազգային ակադեմիական քաղաք, Գիտելիքների գյուղ, ինչպես նաև ավստրալիական, արաբական, ամերիկյան և բրիտանական համալսարաններ:
1996 թվականին ստեղծված «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում գործում է իրավաբանական ֆակուլտետ՝ պատմության բաժնով, բանասիրական՝ մանկավարժության և նախնական կրթության մեթոդիկայի բաժնով, տնտեսագիտական՝ կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնով: Համալսարանը ԼՂՀ կրթության և գիտության նախարարության լրիվ հավատարմագրում է ստացել 2007 թվականի օգոստոսին: -0