Ղարաբաղի շուրջ գտնվող ազատագրված տարածքների վերադարձը բացառվում է. ԼՂ Ազգային խորհրդի անդամ

02.12.2010, 15:08
Ղարաբաղի շուրջ գտնվող ազատագրված տարածքների վերադարձը բացառվում է. ԼՂ Ազգային խորհրդի անդամ

Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող ազատագրված տարածքների վերադարձն ամբողջովին բացառվում է, նախօրեին Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂ Ազգային խորհրդի անդամ Սերգեյ Դավթյանը:

Նրա խոսքով՝ տարածքների հանձնումը կնշանակի, որը զրոյի է հավասարեցվում 20-ամյա պայքարը:

«Ադրբեջանի ղեկավարությունն՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, մշտապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձի և այնտեղից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին: Հարց է առաջանում՝ ի՞նչ տարածքներ ենք մենք օկուպացրել: Չկան օկուպացված տարածքներ, կան ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից ազատագրված տարածքներ, և կա ղարաբաղյան բանակ, որի հիմնական խնդիրը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումն է», - նշել է Դավթյանը:

Խոսելով Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովի մասին՝ ԼՂ Ազգային խորհրդի անդամը հայտարարել է, որ այս միջոցառման արդյունքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ տեղաշարժ կամ նորություն չի ակնկալում:

ԼՂ Ազգային խորհրդի մեկ այլ անդամ, Հայաստանի առաջին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ռազմիկ Պետրոսյանն իր հերթին տեղեկացրել է, որ ծանոթացել է Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ելույթի հետ:

«ՌԴ նախագահի ելույթը շատ դրական էր, և ելույթում խոսվում էր հակամարտությունները կարգավորելու ընթացքում ուժի չկիրառման և բանակցությունները շարունակելու մասին», - նշել է Պետրոսյանը:

ԼՂ Ազգային խորհրդի անդամը հայտարարել է, որ Ղարաբաղի անկախությունը պետք է առաջին հերթին ճանաչվի Հայաստանի, իսկ հետո արդեն միջազգային հանրության կողմից:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-