ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունը կարևոր է. ղարաբաղցի վերլուծաբան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Աստանայում արված հայտարարության առանցքային պահերից մեկը հրադադարի ռեժիմի ամրապնդման աշխատանքի շարունակման և կողմերի միջև վստահության վերաբերյալ պայմանավորվածությունն էր, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ղարաբաղցի վերլուծաբան Դավիթ Ղարաբեկյանը։
Ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կրկին հաստատել են իրենց պարտավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը ձգտելու վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի՝ 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլայում, և 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկում արված հայտարարության հիման վրա։
«Նշված խնդիրների կատարումը կողմերից քաղաքական հսկայական կամք և նախկին տարիներին խաղաղ կարգավորման ճանապարհին խոչընդոտ դարձած փորձաքարերի հաղթահարում կպահանջի։ Նախևառաջ, դա վերաբերում է կողմերի ուղղակի բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության վերականգնմանը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերի մշակման և ձեռնարկման գործում ղարաբաղյան կողմի լիակատար մասնակցությանը»,- ասաց Ղարաբեկյանը։
Ղարաբաղցի վերլուծաբանը հայտնեց նաև, որ հարկ է հիշել, որ միջազգային իրավունքի և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների որոշումների նորմերին հակառակ, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ԼՂՀ-ի էներգետիկ և տրանսպորտային շրջափակումը, ռազմական հզորությունն է ավելացնում, սպառազինության նորագույն մոդիֆիկացիաներ է ձեռք բերում և գրեթե կրկնակի ավելացրել է իր ռազմական բյուջեն, բայց նաև պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, և որ հատկանշական է, որ դա տեղի է ունենում նախագահի մակարդակով։
«Խոսքն այնպիսի նորմերի ոտնահարում է, ինչպես բռնության, ուժի կիրառման սպառնալիքի անընդունելի լինելն է, ինչպես նաև ինքնորոշվող ժողովրդի դեմ ուժի կիրառումը։ Փաստորեն, հայտարարության հեղինակների կողմից սկզբունքորեն դրական գնահատական չի տրվել տարածաշրջանի իրավիճակին, այդ թվում, կայունության և անվտանգությանը հնարավոր սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ կողմերի գործողություններին։ Այսօր անդորրը պահպանող միակ գործիքը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունն է, որն ընդունել են հակամարտության կողմերը Բիշքեկում և Մոսկվայում 1994 թվականի մայիսին»,- ասաց Ղարաբեկյանը։
ԵԱՀԿ գագաթնաժողովը Ղազախստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 1-2-ը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-