Ղարաբաղում աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզեր չկան. տեսչություն

Լեռնային Ղարաբաղում աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերի գլխաքանակ չկա, նախօրեին ԼՂՀ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության պետական տեսչության պետ Տիգրան Առուստամյանը։
Ըստ նրա՝ ընթացիկ տարում հանրապետությունում աֆրիկյան ժանտախտի վիրուսի մի քանի բռնկում է գրանցվել, սակայն այն կանխելու նպատակով ժամանակին իրականացվել են բոլոր պրոֆիլակտիկ միջոցառումները։
«Առաջին դեպքը տեղի է ունեցել մարտին ԼՂՀ Շուշիի շրջանում, երկրորդը՝ հունիսին հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Վերջերս աֆրիկյան ժանտախտի նոր դեպք է գրանցվել ԼՂՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում»,- տեղեկացրեց Առուսամյանը։
Տեսչության ղեկավարը հայտնեց, որ խոզերի ախտահարված գլխաքանակը ոչնչացվել է, և ներկայումս վիրուսի տարածման վտանգ չկա։
«Վիրուսի հիմնական աղբյուրը հենց վարակված կենդանիներն են, սակայն պոտենցիալ աղբյուր կարող է լինել նաև մսամթերքը, որը բերվել են վիրուսի օջախից»,- նշեց Առուստամյանը։
Առուստամյանը հայտնեց, որ չնայած հիվանդության բռնկման վտանգին, ներկայումս հանրապետությունում հիվանդ խոզերի գլխաքանակ գոյություն չունի։
Խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։ Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։ Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները:-0-