Պաշտոնական Ստեփանակերտը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է. ԼՂՀ նախագահ

29.09.2009, 13:21
Պաշտոնական Ստեփանակերտը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է. ԼՂՀ նախագահ
Պաշտոնական Ստեփանակերտը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է. ԼՂՀ նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը և բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնմանը, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը քննարկման ենթակա չեն, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն Արցախ է ժամանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարը կարևորել է Վեհափառ հայրապետի այցը Լեռնային Ղարաբաղ, նշելով, որ այն ըստ ամենայնի կնպաստի մեր հանրապետությունում հոգևոր կյանքի զարգացմանը:

Երկուստեք ընդգծվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացման եւ  Արցախում եկեղեցական կարևոր միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ:-0-